brasil-solar

Մասրիկ-1: պետություն-մասնավոր համագործակցությունը ի նպաստ արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի զարգացման

2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի մեկնարկը: Երեք տարի անց 2018 թվականի մարտի 27-ին Ծրագիրը արձանագրվեց այդ տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքների կարևոր արդյունքներից մեկը: Մասրիկ-1 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի համար կազմակերպված մրցույթի շրջանակում բացվեցին ներդրող ընկերությունների ֆինանսական փաթեթները և հայտնի դարձավ ամենացածր էլեկտրաէներգիայի սակագին առաջարկած ընկերության անունը: Նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Համեմատության համար նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ արդեն այսօր Հայաստանում արևային ֆոտովոլտային էներգետիկան ի զորու է հաջողությամբ մրցակցել էներգետիկայի այլ ճյուղերի հետ, երկրի էներգետիկ հաշվեկշում հավակնել շատ ավելի բարձր կշռի և առաջընթացի նոր թափ հաղորդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործին:

Նշենք, որ Մասրիկ-1 կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկյա ներդրումների ներգրավմամբ: Կայանի համար ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է:

Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթի սկիզբը դրվեց 2017 թ. փետրվարին Երևանում կայացած «Էներգետիկայի շաբաթ» միջոցառմանը, որին մասնակցեցին հիսունից ավելի արտերկրի ընկերությունների ներկայացուցիչներ: Ներդրողների բարձր հետաքրքրությունը հաստատվեց նաև ծրագրի նախաորակավորման փուլում: Մրցույթի հայտեր գնեցին յոթ տասնյակից ավել ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և այլ երկրներից: Քսան ընկերություն ներկայացրեցին հայտեր, որոնցից տասը հաղթահարեցին նախաորակավորման շեմը, իրավունք ստացան մասնակցել մրցույթի գլխավոր փուլին և ներկայացնել իրենց ձեռնտու սակագինը:

Հավելենք, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և նրա խորհրդատուների ջանքերի, ինչպես նաև Համաշխարհային Բանկի անմիջական աջակցությամբ իրականացված աշխատանաքները ներառել են ոչ միայն Մասրիկ-1 ծրագիրը, այլ նաև Հայաստանի արևային ներուժի գնահատումն ու ճշգրտված արևային քարտեզների մշակումը միջազգային խորհրդատվական ընկերության կողմից, խոշոր արևային կայաններ կառուցելու նպատակով ընդհանուր 120 ՄՎտ հզորությամբ թվով վեց տեղանքների ընտրությունը, այդ կայանների ներդրողների մրցույթների կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերի պատրաստումը՝ ներառյալ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: